Հայաստանը դարձավ Ներքին բժշկության եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամ

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում 2025 թ. մարտի 5-8-ը կայացել է Ներքին բժշկության եվրոպական 23-րդ կոնգրեսը և Եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովը, որին Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի կողմից հրավիրված են եղել և մասնակցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արմինե Զոհրաբյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող չորս բուժհաստատությունների տնօրեններ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովի ընթացքում միաձայն քվեարկությամբ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան ընտրվել է Ներքին բժշկության եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամ, իսկ Հայաստանի Հանրապետությունը դարձավ 43-րդ անդամակից երկիրը։
Ներկայացվել են ՆՀԲՀԱ կատարած 6 տարվա գործունեությունը՝ ներքին բժշկության ոլորտի բժիշկների մասնագիտական զարգացման, գիտելիքի և փորձի փոխանակման բնագավառում, ինչպես նաև կանխարգելիչ և երկարակեցության բժշկության զարգացումը, ներքին հիվանդությունների ախտորոշման և բուժման չափորոշիչների և ուղեցույցների մշակումը և տեղայնացումը Հայաստանում։