Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը

Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և ընդգծել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի Համակարգային խորհրդի առաջին նիստին։
Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀԵԼՓ ծրագրի «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը։
Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ լայն հանրության շրջանում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ առաջնային նշանակություն չեն ստանում և չեն դիտարկվում որպես մարդու իրավունքների պաշտպանության բաղկացուցիչ մաս։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնության դերն ու նպատակը՝ ոլորտի արդյունավետ կարգավորման տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև անդրադարձել է Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հարցին՝ շեշտելով, որ ողջունելի են այդ ուղղությամբ պետության իրականացրած քայլերը, միևնույն ժամանակ, դա չպետք է դիտարկվի որպես ոլորտի խնդիրների համապարփակ լուծման միակ նախապայման։
«Անհրաժեշտ է ապահովել համալիր և համակարգված մոտեցում՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի և էթիկական ստանդարտների ներդրման ու պատշաճ իրացման նպատակով։ Այս համատեքստում մասնագիտական վերապատրաստման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն՝ ուղղված ոլորտի մասնագետների իրավագիտակցության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը։ Լիահույս եմ, որ նոր դասընթացը էական դերակատարում կունենա ոլորտի կատարելագործման գործում»,- ասել է Պաշտպանը։
Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության և ոլորտի մարտահրավերներին միասնական լուծումներ գտնելու պատրաստակամության համար՝ վերահաստատելով իր հանձնառությունը Պաշտպանի մանդատի շրջանակում շարունակել աջակցությունը և համագործակցությունը ոլորտի բարելավման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը, Հայաստանում կենսաբժշկության և առողջապահության ոլորտում համագործակցության նոր ուղղությունները, ինչպես նաև Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանն առնչվող հարցերը։
Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը»,-ասված է հաղորդագրության մեջ։