ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Իմամօղլուի ձերբակալությանը՝ Թուրքիային կոչ անելով հարգել մարդու իրավունքները

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը, հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։
«Մենք կարող ենք կոչ անել Թուրքիային հարգել մարդու իրավունքները և պատշաճ կերպով զբաղվել իր ներքին խնդիրներով։ Սա արդեն պարզ է։ Մենք կարող ենք պարզապես հիշեցնել այս մասին»,-ասել է նա:
Ստամբուլի դատախազությունը հետաքննության շրջանակներում որոշել է ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և ևս 100 հոգու։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության և Իմամօղլուի համակիրները բողոքի ակցիաներ են սկսել Ստամբուլում և երկրի տարբեր շրջաններում։ Գրանցվել են նաև ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման դեպքեր։ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը քաղաքում 4 օրով արգելել է բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։