Պետք է ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու համար. Մայք Ուոլց

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս մասին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը՝ տեղեկացնելով, որ այս շաբաթ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ:
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»,- գրել է Ուոլցը:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։