Մթերքներ, որոնք չի կարելի ուտել նախաճաշին

Նախաճաշին չի կարելի ուտել սենդվիչներ, արագ պատրաստման շիլաներ, չոր նախաճաշեր (խմբ.հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր) կամ սոված փորին սև սուրճ խմել,- Shantnews-ի փոխանցմամբ՝ Gazeta.Ru-ին ասել է դիետոլոգ, հոգեթերապևտ, պրոֆեսոր և Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գինցբուրգը։
«Շատերը սովոր են իրենց առավոտը սկսել սենդվիչներով, արագ պատրաստվող շիլաներով կամ չոր նախաճաշերով: Առավոտյան մենք հաճախ ժամանակ չենք ունենում առողջարար ինչ որ բան պատրաստելու համար, ուստի ստիպված ենք լինում ուտել այս ուտելիքները։ Բայց այս ուտելիքներն ամենաառողջարարը չեն, օրինակ՝ արագ պատրաստվող շիլաները առողջարար ոչինչ չեն պարունակում, իսկ շաքարը հաճախ գլխավորում է բաղադրիչների ցանկը։ Նույնը վերաբերում է չոր նախաճաշերին (խմբ.հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր): Սենդվիչները հաճախ պատրաստվում են երշիկով, սակայն այն վերամշակված միս է, որը նույնպես առողջարար չէ: Բացի այդ, նման մթերքներին հաճախ ավելացնում են տրանս ճարպեր, որոնք մի շարք պաթոլոգիաներ են առաջացնում»,- նշեց բժիշկը։
Բացի այդ, որոշ մարդիկ հաճախ իրենց օրը սկսում են սև սուրճով դատարկ ստամոքսին: Սակայն, ըստ բժշկի, այս պրակտիկան օգտակար չէ։
«Առավոտյան դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը։ Սա կարող է հանգեցնել անհարմարության, այրոցի և նույնիսկ գաստրիտի: Բացի այդ, սուրճը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել սննդի արագացված տեղաշարժի ստամոքս-աղիքային տրակտով: Սա կարող է առաջացնել սովի զգացում ուտելուց անմիջապես հետո և մարսողության խանգարում: Այս պրակտիկան հատկապես վտանգավոր է ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ամեն դեպքում, նպատակահարմար է սուրճ խմել կաթով, քանի որ այն ավելի մեղմ է ստամոքսի նկատմամբ»,- ասաց բժիշկը։
Գինցբուրգը նաև խորհուրդ է տվել օրը սկսել մեկ բաժակ ջրով, իսկ նախապես պատրաստված նախաճաշն էլ տանել աշխատանքի:
«Մյուս տարբերակն է, օրինակ, վարսակաձավարը եփել, բայց փաթեթի վրա նշվածից ժամանակից ավելի քիչ, և դրա մեջ չրեր ավելացնել։ Չոր նախաճաշի փոխարեն կարելի է գրանոլա օգտագործել մածունի հետ։ Նախաճաշին կարելի է նաև ուտել բանջարեղեն, ձու, տարեկանի հացի տոստեր հազարի հետ»,- եզրափակել է սննդաբանը։