Լավրովը և Ռուբիոն քննարկել են հետագա քայլերը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Էյր Ռիադում բանակցություններից հետո իրականացվելիք քայլերը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«Քննարկվել են նաև փետրվարի 18-ին Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման կոնկրետ ասպեկտները: Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն պայմանավորվել են կապի մեջ մնալ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան կողմը հայտարարել է Կարմիր ծովի տարածաշրջանում հութիների ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշման մասին։
Ի պատասխան ամերիկացի ներկայացուցչի ներկայացրած փաստարկների՝ Լավրովն ընդգծել է բոլոր կողմերի կողմից ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և նրանց համար քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը՝ հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու նպատակով։
Նշվում է, որ Լավրովի և Ռուբիոյի զրույցը կայացել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ:
Փետրվարի 18-ին Ռիադում կայացել են բարձր մակարդակի ռուս-ամերիկյան բանակցություններ։ Մոսկվայից դրանց մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վաշինգտոնը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են պայմաններ ստեղծել երկկողմ համագործակցության լիարժեք վերսկսման, դեսպանատների աշխատանքի սահմանափակումները վերացնելու և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար։