Փաստաբանները դեմ են խտրական հարկային քաղաքականությանը, բողոքի ակցիա և գործադուլ են անելու
Փաստաբանների պալատից հայտնում են․
«Փետրվարի 10-ին տեղի է ունենալու Փաստաբանների Ընդհանուր ժողով, որի արդյունքներով ձևավորվելու է Փաստաբանների պալատի գործադիր մարմնի՝ Պալատի խորհրդի կազմը, ինչպես նաև քվեարկության է դրվելու իրավասու պետական մարմինների կողմից իրականացվող, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և փաստաբանական համայնքի նկատմամբ խտրական հարկային քաղաքականության կիրառումը դատապարտող հայտարարությունը:
Նույն օրը փաստաբաններն իրականացնելու են բողոքի ակցիա «գործադուլ»՝ հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Փաստաբանները պահանջում են ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, հատկապես անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից»: