Tellcell + մետրո. երբ իշխանության փնթիությունը շարքային քաղաքացուն կրակն է գցել
![](/timthumb.php?src=disc/06-02-25/bb903a0b41d6239978e105a47af1c7c3.jpg&w=450)
Տրանսպորտային իբր թե բարեփոխումները նոր պատուհաս են դարձել քաղաքացիների համար, և խոսքն այս դեպքում ամենևին էլ ուղեվարձի թանկացման մասին չէ, կան ավելի լուրջ ու մարդու նյարդային համակարգը քայքայող խնդիրներ, որոնք հատկապես նկատելի են դառնում մետրոյում։
Այսպես, երեկ MediaHub-ի լրագրողներից մեկն է ականատես եղել, թե ինչ «բարդակ» է տիրում մետրոյում։ Մոտավորապես, 10 րոպեի ընթացքում նա արձանագրել է առնվազն երեք խնդիր, որոնք, այդպես էլ պարզ չի դարձել, թե ով պետք է լուծի։
Դեպքերից առաջինով մի անչափահաս տղա երեխա Telcell տերմինալից գնել է ուղետոմս, սակայն գործող 5-6 վալիդատորներից որևէ մեկը չի կարդացել QR կոդը։
«Աշխատակիցը մոտեցավ, ասում է՝ «դե չի կարդում, նոր տոմս պիտի գնես»։ Երեխային օգնության հասանք մենք՝ մեծահասակներս, ասում ենք՝ «ինչ մեղք ունի, որ ձեր համակարգը չի աշխատում, բացեք, թող, անցնի երեխան»։ Աշխատակիցը նախ հակադարձեց, թե ինքն էլ ոչինչ անել չի կարող, իրենք էլ են կրակն ընկել, չգիտեն՝ ինչ անեն։ Բոլոր խնդիրների դեպքում պետք է քաղաքացին դիմի «Telcell» գրասենյակ։ Երբ բացատրեցինք, որ անչափահաս երեխայի համար դա այդքան էլ հեշտ գործ չէ, մետրոյի աշխատակիցը գործընկերոջ հետ դեպքը քննարկելուց հետո բացեց դռներն ու երեխան անցավ»,- պատմեց իմ գործընկերը։
Երկրորդ դեպքը նույն ժամանակահատվածում արձանագրել է ուղևորությունների փաթեթ գնած մի կնոջ մոտ, որը փորձել է QR տոմսով վճարել ու անցնել, սակայն վալիդատորներից և ոչ մեկը չի կարդացել QR կոդերը։
«Այդ կինն էլ մետրոյի աշխատակցին ասում էր, որ ինքը գնել է փաթեթը, ինչո՞ւ պետք է ժամերով սպասի, որ վալիդատորներն աշխատեն ու ինքը կարողանա հասնել իր տուն։ Այդ կնոջն էլ պատասխանեցին, թե իրենք ոչինչ անել չեն կարող։ «Telcell»-ի պատասխանատվության տիրույթում է, պետք է դիմել ընկերությանը։ Ու այդ կինն էլ ընդդիմանում էր, թե ինքը որևէ մեկի հետ պայմանագիր չունի, ու իրեն սպասարկողն այդ դեպքում մետրոն է, ուստի հենց մետրոյի աշխատակիցների կողմից էլ պետք է խնդրին լուծում տրվի։ Սակայն, նրան նույն պատասխանն էին տալիս, թե իրենք ոչինչ անել չեն կարող»,- ներկայացրեց իմ գործընկերը։
Երրորդ դեպքն արդեն հենց իմ գործընկերոջ հետ է պատահել․ նա ACBA բանկի իր քարտով վճարում է կատարել, և իր հետ եղած մարդը կարողացել է անցնել արգելապատնեշը, բայց հենց հերթն իրեն է հասել, վալիդատորները սկսել են չգործել։
«Քարտից գումար գանձվել է, բայց վալիդատորը ցույց էր տալիս, թե սխալ է տեղի ունեցել։ Երբ դիմեցի աշխատակցին, նա խնդրեց, որ հեռախոսահամարս ու ինձ սպասարկող բանկի անունը նշեմ, որ իրենք տվյալները փոխանցեն «Telcell»-ին, ընկերությունից էլ ինձ հետ կապ հաստատեն ու խնդիրը լուծեն։ Երբ սկսեցի բացատրել, որ ես պարտավոր չեմ ժամերով սպասել, թե երբ է այդ համակարգն աշխատելու, որ ես մետրոյի շահառուն եմ այդ պահին, այլ ոչ թե «Telcell»-ի, հնչեց հետևյալ պատասխանը, թե իրենք ոչինչ անելու հնարավորություն չունեն, կատարող մարդ են։ Ինչևէ, մի քանի րոպե անց այլ քարտով վճարել ու անցնել հաջողվեց, բայց ինչի՞ հաշվին, իմ նյարդերի՞»,- պատմեց մեր զրուցակիցը։
Փաստորեն, եթե ավտոբուսներից ու տրոբելուսներից օգտվելու դեպքում մարդիկ կարողանում են երթևեկել՝ անկախ վալիդատորի աշխատել-չաշխատելուց, ապա մետրոյից օգտնվողներն այս «ճոխությունից» օգտվել չեն կարող։ Եվ այդքան «չարչրկված» բարեփոխումներն ուղղակի անտանելի են դարձնում մարդկանց կյանքը։ Օրվա մեջ հարյուրավոր քաղաքացիների հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքի համար պատասխանատուներն ուղարկում են «Telcell»-ի գրասենյակներ՝ հասկանալու, թե ինչպես է հնարավոր լուծել արհեստականորեն ստեղծված հարյուրավոր խնդիրներից տվյալ պահին պատահածը։