«Ուտելիքս պիտի կրճատեմ, որ տրանսպորտով գնամ-գամ». քաղաքացիները դժգոհ են ուղեվարձի թանկացումից
Դեմ եմ իհարկե, տրանսպորտի թանկացմանը. թոշակառու մարդ եմ, հաց ուտեմ, երեխային տամ, կնոջս պահեմ, ո՞նց անեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց կանգառում տրոնսպորտի սպասող տղամարդը:
«Ես չգիտեմ դեռ ինչ զեղչ են տալիս թոշակառուներին, քարտը նոր եմ ստացել, դեռ չեմ էլ օգտագործել: Միանգամից 50 դրամով թանկացնում են, հիմա ամեն ինչը կթանկանա հետը, դժվար կլինի ապրելը։
Ես ամեն օր տրանսպորտով գնում-գալիս եմ, տեսնում եմ, որ մարդիկ 100 դրամը դնում են, շոֆերը չի թողնում, բայց իրենք չեն վճարում, նստում են։ Ես քարտով եմ վճարում, ստիպված վճարում եմ՝ ինձ թույլ չեմ տալիս չվճարել: Դե պետք է մի քիչ 100 հատ պակաս ուտեմ, որ տեղը դուրս գա, իմ ուտելիքից ես պետք է կրճատեմ, որ կարողանամ տրանսպորտով գնամ-գամ»,-ասաց նա:
Թոշակառուն հայտարարեց, որ քաղաքային իշխանությունը այս հարցում սխալ է. «Նման բան պետք է չլիներ, պետք է ժողովրդի հետ գնային, ոչ թե թանկացնեին, պետք է նույնը մնար»:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «Շատ վատ են արել, որ թանկացրել են. «Շատ ահավոր է, մենք չենք կարողանում նույնիսկ ապրենք։ Ո՞նց կարելի է այսպես, մենք ստրուկներ հո չե՞նք»:
«Մենք կպայքարենք, 150 դրամը թանկ է, չենք կարող վճարել, համեստ աշխատավարձով ապրում ենք, չենք կարող, չենք վճարում։ Այո, բոյկոտում եմ, չենք վճարում: Ուղեւորների մեծ մասը մեր կարծիքին է: Տրանսպորտը նախ նորմալ չի աշխատում, լիքը, լցված, ուշ-ուշ է գալիս, 20 րոպե, կես ժամ մնում ենք կանգառում սառած կանգնած, հետո էլ պետք է վճարենք 150 դրա՞մ: Գոնե նորմալ լինի, էլ ինչ-որ տեղ մտածենք, կարելի է վճարել, թե չէ»,- ասաց մեկ այլ երեւանցին: