Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման մոդելը. Արայիկ Հարությունյան
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է նախագահի՝ այսօր անցկացված ընտրություններին:
«Այսօր ընտրվել եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ: Այս որոշմանը հասել եմ ծանրամարտի համայնքի հետ երկարատև աշխատանքի արդյունքում. սպորտի համար պատասխանատու նախարարից մինչև Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ (առաջնություն, որի կազմակերպումը համարվում է աշխարհում լավագույներից մեկը), Աշխարհի 2027 առաջնությունը ստանալու արշավի առաջնորդությունից մինչև սպորտի շարքային սիրահար:
Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման/կազմակերպման մոդելը, որը կարող է ապագայում վարակիչ դառնալ մյուս ֆեդերացիաներում»,- գրել է Հարությունյանը:
Նա ընդգծել է՝ առաջադրվելուն նպաստել է այն, որ իր մտադրության մասին իմանալուց հետո իրեն աջակցելու մասին հայտնել են և Երևան են եկել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը, գլխավոր քարտուղարը, Ասիական ֆեդերացիայի նախագահը, Բահրեյնի ֆեդերացիայի նախագահը:
«Այսօր իմ լավ բարեկամ, ԾՄՖ նախագահ Մուհամմադ Ջալուդը նշեց, որ սա աննախադեպ է, երբեք ազգային ֆեդերացիայի ընտրություններին այսպիսի պատվիրակություն որևէ երկիր չի գնացել»,- գրել է Հարությունյանը: