Տրանսպորտի սակագնի բարձրացումն աբսուրդ է. գործ ունենք դիլետանտների հետ, ովքեր գիտելիքների պակաս ունեն. տնտեսագետ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը պնդում է՝ տրանսպորտի թանկացումն արդարացված չէ։
«Երևանի քաղաքային իշխանությունը սխալ է գործում։ Երիտասարդ, անփորձ մարդիկ են, մեծ մասին, երբ լսում ես, հասկանում ես, որ ոչ միայն փորձի, այլև գիտելիքների պակաս ունեն։ Ինչպե՞ս կարելի էր այս միասնական տոմսային համակարգը ներդնել և միաժամանակ բազմապատկել տրանսպորտի սակագինը, դա աբսուրդ է, նոնսենս», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։
Նա բնական է համարում, որ այդ համակարգի դեմ քաղաքացիները զանգվածային ընդվզում են.«Դա բիզնես չէ, ամբողջ աշխարհում հասարակական տրանսպորտը, ըստ էության, սուբսիդավորվող ոլորտ է։ Տարբեր ուղղություններով բազմակի անգամ ավելացնել քաղաքացիների բեռը, դա սոցիալ-քաղաքական հետևանքներ կունենա։ Խոսքն այստեղ ոչ միայն տրասնպորտի մասին է, այլև գույքահարկի տասնապատիկ անգամ բարձրացման սակագների։ Սա ցույց է տալիս, որ գործ ունենք դիլետանտների հետ, մարդիկ ոչ միայն մասնագիտական, հաշվարկային, այլև՝ քաղաքական, ռազմավարական, մի քիչ հեռուն նայելու կարողություն չունեն և չեն հասկանում, որ վաղը քվե ստանալու հայտ են ներկայացնելու։ Ի վերջո, իրենք ընտրված իշխանություն են և պետք է հաշվետու լինեն իրենց ընտրողների առաջ։ Պետք է իրենց ընտրողների հետ արդար ու ազնիվ լինեն։ Կոնկրետ այս ավագանին իր ընտրողներին չի ասել, որ բազմապատիկ ավելացվելու է տրանսպորտի սակագինը։ Այս քաղաքապետը, երբ «ռուպրը» ձեքին շրջում էր բակերով, նման թվեր չի ասել իր ընտրողներին»։
Ատոմ Մարգարյանն այստեղ շատ է կարևորում քաղքացիների դերը։ Նա կարծում է, որ քաղաքացիները պետք է իրենց դիրքորոշումներն ունենան և հայտնեն.«Մի 10 օրից կերևա, ըստ իս, ոչ ողջամիտ որոշումներ են կայացվել, և այն հիմնավորումները, որոնք բերվում են դիլետանտի մակարդակով, որևէ հիմք չունեն։ Այո, այդ ոլորտում շատ մեծ ստվեր կա, շրջանառության շատ մեծ ծավալներ կան և դա միշտ է եղել՝ սկսած գծատերերից։ Հիմա այդ գծերն ամբողջությամբ պատկանում են քաղաքային իշխանությանը և այս փուլում իրենց խնդիրը պետք է լինի սակագին չբարձրացնելով՝ բացահայտել բոլոր ստվերային շրջանառությունները։ Եվ այդ ժամանակ կպարզվի, որ ոչ մի սակագին բարձրացնելու անհրաժեշտություն չկա»։