Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար
Մարդասիրական օգնությամբ լի 900 բեռնատար ժամանել է Գազայի հատված, որը վերջին ամիսներին պարենամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների սուր անբավարարության էր բախվել Իսրայելի կողմից անկլավի հյուսիսային հատվածի շրջափակման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
Ըստ գերատեսչության՝ հունվարի 21-ին՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ուժի մեջ մտնելու երրորդ օրը, Գազայի հատված է մտել մարդասիրական օգնություն փոխադրող 897 բեռնատար։
Երկու շաբաթ առաջ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը նախազգուշացրել էր, որ Գազայի հատվածում շարունակում է սովի ճգնաժամը խորանալ պարենամթերքի սուր անբավարարության պատճառով՝ կապված պաղեստինյան անկլավ մուտքի խիստ սահմանափակումների հետ:
Հումանիտար մատակարարումների վերսկսումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ հունվարի 15-ին Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերի արդյունքում հակամարտող կողմերը համաձայնության հասան Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման և անկլավում հրադադարի ռեժիմ սահմանելու շուրջ։ Ռազմական գործողությունների դադարը պաշտոնապես ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։