2 զոհ, 2 վիրավոր․ բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը
Հունվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում «Howo» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։
Վիրավորներին բեռնատարից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վիրավորներին պատգարակով փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանակ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ մինչ այդ բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնցից մեկի պարանոցին ֆիքսատոր են դրել, վիրավորներից մեկի ձեռքն էլ կտրվել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Howo» բեռնատարը, որը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին, ապա՝ հողաթմբին, և կողաշրջվել։
«Mercedes»-ն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։