Ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ վիրավոր կա
Հունվարի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցե Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված պարկ են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացած տեղեկությունը հավաստի է։
Մինչ ոստիկանների դեպքի վայր հասնելը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «պոլիտրավմա հարցական, Գ.ՈՒ.Վ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Լյովա Մ․-ն է։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ այս պահին կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզում են, որ այդ օրը ժամը 10։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ում վիճաբանություն է տեղի ունեցել Լյովա Մ․-ի և Երևանի բնակիչներ 48-ամյա Վարդգես Պապյանի և 58-ամյա Արթուր Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լյովա Մ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Վ․ Պապյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն է, իսկ Ա․ Հովհաննիսյանը աշխատում է «Քինգ Մարշալ» ընկերությունում, որպես անվտանգության աշխատակից է։
Ֆոտոլրագրողի տեղեկություննեորվ՝ այս միջադեպի մասին իմացել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը, ով փորձել է այնպես անել, որպեսզի իրավապահները չիմանան միջադեպի մասին, սակայն այս դեպքում համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանները Ս․ Բեջանյանին «շախ ու մատ» են արել։