Ուզում եք մի քանի րոպեում մինչև 100 հազար դրամ աշխատել, ապա ընդամենը պետք է լրացնել տարեկան հայտարարագիր. Սիսակ Գաբրիելյան
Սիրելի՛ քաղաքացիներ, եթե դուք ուզում եք ընդամենը մի քանի րոպեում մինչև 100 հազար դրամ աշխատել, ապա ձեզ ընդամենը պետք է լրացնել տարեկան հայտարարագիր: Այդ մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսքն ուղղելով օրինապահ հարկ վճարողներին:
«Սիրելի՛ քաղաքացի, եթե դու նախորդ տարվա ընթացքում վճարել ես քո բոլոր հարկերը, այն հարկերը, որի համար դու պարտավոր էիր վճարել, ապա այս փոփոխությամբ քեզանից որևէ գումար չի գանձվելու, այլ ընդհակառակը՝ հայտարարագիրը լրացնելուց հետո ՊԵԿ-ը քո ներկայացրած բանկային հաշվին մինչև 100 հազար դրամ գումար կփոխանցի նախորդ տարվա ընթացքում կատարած առողջապահական և կրթական ծախսերիդ համար, այդ թվում՝ ոչ միայն անձամբ քո, այլև ընտանիքիդ անդամի՝ ծնողների, ամուսնու, երեխաների համար կատարված ծախսերի:
Համընդհանուր հայտարարագրումը տվյալ ժամանակահատվածում հարկերը վճարած օրինապահ քաղաքացու համար որևէ նոր հարկային պարտավորություն չի առաջացնում, որևէ նոր հարկատեսակ չի ավելանում, որևէ գումար չի գանձվելու ձեզանից, ձեր հարազատից, բարեկամից, քավորից, սանիկից, քեռու տղայի ընկերոջից, որ Ռուսաստանում է աշխատում, և ձեզ գումար է փոխանցել, որևէ գումար դրանից չի գանձվելու: Այս շարքը դեռ երկար է, մոտ 3 տասնյակ հարկային նվազեցում կա:
Նորից եմ ասում՝ այն, ինչի համար դուք պարտավոր էիք հարկվել կամ հարկվել եք անձամբ կամ գործատուի միջոցով, հայտարարագրումից հետո ոչ թե լրացուցիչ գումար կգանձվի, այլ մինչև 100 հազար դրամ գումար կփոխանցվի»,- ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց, որ դահլիճում կա առնվազն 1 մարդ, որը 100 հազար դրամ հետ է ստացել նախորդ տարում իր երեխայի կրթության համար վճարած ծախսերի դիմաց:
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հորդորեց տարածել տեղեկատվությունը. «Հուսամ՝ մեր անաչառ լրատվական դաշտն այս ինֆորմացիան մաքսիմալ կտարածի»: