Ջրվեժում կողոպտել են Հնդկաստանի քաղաքացուն. մանրամասներ
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գխավորությամբ, համագործակցելով Երևան քաղաքի քրեական վարչության իրենց գործընկերների հետ, տաք հետքերով հայտնաբերել են Կոտայքի մարզում զինված կողոպուտ կատարած կասկածյալներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում օտարերկրացի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել դանակով զինված կողոպուտ, ում մոտից հափշտակել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Այդ օրը 3 անհայտ անձինք ժամը 03:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի տներից մեկն են այցելել, որտեղ ժամանակավորապես բնակվելիս է եղել Հնդկաստանի քաղաքացի 26-ամյա Սորով Դ.-ն, ով հայտնել է, որ Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացի այցելել են իրեն, որտեղ էլ նրանցից մեկը խոհանոցային դանակը պահել է իր վրա, իր հասցեին հնչեցրել սպառնալիքներ, պահանջել իր մոտ եղած գումարն ու զարդերը, որից հետո իրեն պատկանող դրամանապանակից հափշտակել են 900 եվրո գումար, ապա շարունակել սպառնալիքները ու այդ ժամանակ էլ ինքը նրանց է տվել ոսկյա մատանին ու արծաթյա շղթան:
Կոտայքի քրեական ոստիկանները, համագործակցելով Երևանի քրեական վարչության ծառայողների հետ, ճշտում են նշված հասցեն և այնտեղ էլ հայտնաբերում են կասկածյլաներին՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 29-ամյա Բալջինդեր Մ.-ին, Դիվանին և Սաուրավին: Վերջիններիս ամբողջական տվյալները պարզվում են, որոնք էլ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալում և տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի մարզային քրեական վարչություն, որտեղից այնուհետև փաստաթղթեր են կազմվում և այդ փաստաթղթերի հետ միասին նրանց ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քրեական վարչության Աբովյանի քրեական բաժին, որտեղ կողոպուտ կատարելու կասկածանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: