Հույս ունենք, որ Ռուսաստանը կխուսափի միակողմանի մեկնաբանություններից․ Արարատ Միրզոյան
Հայաստանը շահագրգռված է շարունակել արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։Արարատ Միրզոյանը Մոսկվա կատարած այցը բավականին տեղին է համարել երկու երկրների հարաբերությունների զարգացման դինամիկայի առումով:
Հայաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ վերջին անգամ նման ձևաչափով կողմերը հանդիպել են 2023 թվականի հուլիսին: ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Մոսկվա կատարած այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցեր քննարկելու համար: «Ցանկանում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը»,- նշել է Միրզոյանը։
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին։ «Եվ մենք հուսով ենք, որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք սրտի, տեսանք վերջերս՝ վերջին օրերին: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»,- ասել է ԱԳ նախարարը։