Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել․ Պետրոս Պետրոսյան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Այս մասին նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել։
«Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։
Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։
Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։
Աստված պահապան մեր հայրենիքին…»,-գրել է Պետրոսյանը։
Նշենք, որ Պետրոս Պետրոսյանը 2020-2023 թվականներին զբաղեցնում էր Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը։
Աննա Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, իսկ 2024 թվականի հունվարին՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ: