Ռուսաստանցի գործարարի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել ընդդեմ «Ջերմուկ գրուպ»-ի
Հայկական «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի, Ռուսաստանի Դաշնությունում նրա ներկայացուցիչների և դիստրիբյուտորի դեմ 1,5 միլիարդ ռուբլու հայց է ներկայացվել, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է kommersant.ru-ն։
Պատճառն անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած դեպքն է, երբ Վլադիկավկազից գործարար Օլեգ Գուսովը, խմելով «Ջերմուկ» հանքային ջուրը, մահացել էր այրվածքներից. պարզվել էր՝ ապակե շիշը պարունակում էր քացախաթթու, որն օգտագործվում է շրջանառությունից վերադարձված ապակե շշերը լվանալիս։
Օլեգ Գուսովի այրու և երկու դուստրերի անունից «Վնասի փոխհատուցման մասին» հայցը ներկայացվել է Վլադիկավկազի Սովետսկի շրջանային դատարան։ Այս գործով մեղադրյալներն են «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն (Երևան), որն արտադրում է «Ջերմուկ» հանքային ջուրը և «Բյուրեղ» աղբյուրի ջուրը, Ռուսաստանում նրա ներկայացուցիչ «Ջերմուկ հանքային ջուր» ՍՊԸ-ն և անհատ ձեռներեցներ, որոնց միջոցով վաճառքում է հայտնվել ՌԴ քաղաքացու մահվան պատճառ դարձած արտադրանքը։
Ըստ հայցվորների՝ 2024 թվականի փետրվարի 11-ի առավոտյան Օլեգ Գուսովը, որը խոշոր ձեռնարկատեր էր, զբաղվում էր շինարարական բիզնեսով և բարեգործությամբ, Վլադիկավկազի «Ֆարն» շուկայի տաղավարից գնել է հանքային ջուր պարունակող 12 ապակյա շիշ։ Մեկ ժամից հետո տանը, բացելով դրանցից մեկը, տղամարդը մի կում խմել է, որից հետո իրեն վատ է զգացել։
Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, ուր Գուսովը տեղափոխվել է շտապօգնության մեքենայով, նրա մոտ ախտորոշվել է «անհայտ էթիոլոգիայի թունավորում»։ Հաջորդ օրը տուժածին սանավիացիայով ուղարկել են Մոսկվա՝ Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «թունավորում քայքայիչ հեղուկով (քացախաթթու), Էկզոտոքսիկ շոկ»: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ Գուսովը մահացել է փետրվարի 13-ին։
Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նրա մոտ քիմիական վնասվածքից բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի և այլնի լորձաթաղանթի այրվածք է առաջացել։
Քննիչները պարզել են, որ դուստրը՝ Ձերասսան, դարձել է հոր մահացու թունավորման անմիջական վկան։ Նա պատմել է, որ հայրն իր աչքի առաջ բացել է շիշն ու խմել: Նրա խոսքով՝ այդ պահին շիշը ձեռքից ընկել է ու կոտրվել։ Հայրն ընկել է գորգի վրա։ Խռպոտ ձայնով ու մեծ դժվարությամբ խոսող Գուսովն ասել է, որ շշի մեջ հանքային ջուր չէր: Ականատեսների վկայությամբ՝ տուժածի բերանից քացախի ուժեղ հոտ է եկել։ Դստեր խոսքով՝ քացախի հոտը տանը և բակում, որտեղ շիշը կոտրվել է, պահպանվել է ևս երկու շաբաթ։
Նշենք, որ Օլեգ Գուսովի մահվան հանգամանքները հետաքննել են ոչ միայն բժիշկներն ու փորձագետները, այլև ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության աշխատակիցները, որոնք քրեական գործ են հարուցել:
Գուսովի մահվան հանգամանքների հետաքննությունը չի ավարտվել։ Հետաքննությունը մի շարք հարցումներ է ուղարկել Հայաստան, սակայն դրանց պատասխաններ այդպես էլ չի ստացել։
Իր հերթին, տուժածների ներկայացուցիչները, ուսումնասիրելով հանքային ջրերի շշալցման գործարաններում կիրառվող տեխնոլոգիաները, կարծում են, որ քացախաթթուն կարող էր հայտնվել շշում տեխնոլոգիական գործընթացի խախտման հետևանքով։
Նշենք, որ տուժող կողմը ոչ միայն փոխհատուցում է պահանջում, այլ նաև պահանջում է դադարեցնել հանքային ջրի վաճառքը, մինչև պաշտոնապես չպարզվի, թե ինչպես է շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու հայտնվել։ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն չի պատասխանել kommersant.ru-ի գրավոր հարցմանը: