Ջուլիետա Ազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերը համալրվել են նոր պատգամավորով:
Ջուլիետա Ազարյանը ԱԺ հունվարի 20-ի նիստում երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:
Ազարյանն ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Առուշանյանին, որը նշանակվել է Շիրակի մարզպետ:
Դեկտեմբերի 11-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեկտեմբերի 13-ին ընդունելով Գյումրիում անցկացված փրայմերիզի մասնակիցներին, հայտնել էր, որ որոշել է Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ:
Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:
Դեկտեմբերի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին: