Ամեն բան անում են, որ մտնեն մարդկանց գրպանները․ սուրճի ապարատների տերերը բողոքում են
Օրեր առաջ սուրճի ապարատների սեփականատերերը բողոքի ակցիա էին սկսել Ազգային ժողովի շենքի դիմաց․ նրանք պահանջում էին, որ վերանայվի իրենցից ամեն ապարատի համար 40 հազար դրամ հարկ գանձելու որոշումը։
Հունվարի 18-ին, Oragir.News-ը կապ հաստատեց սուրճի ապարատների սեփականատերերից մեկի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք ընդունե՞լ են նրանց։ Վերջինիս ասաց, որ իրենց ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցը, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, որոնք խոստացել են խոսել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ և հարցին նպաստավոր լուծում տալ․
«Մեզ կոնկրետ ժամկետ չեն նշել, թե երբ պետք է հարցը լուծում ստանա, կամ երբ կընդունեն մեզ բայց, եթե մինչև փետրվարի 1-ը չընդունեն ու որոշումն ուժի մեջ մտնի, այլ ելք չի մնա, քան ապարատներից հրաժարվելը։ Իրականում 40 հազարն իսկապես անիրատեսական թիվ է, նման բան չի կարող ուղղակի լինել, ինչպես այդքան վճարենք, եթե երբեմն ապարատից հանված գումարը անգամ 30 հազարը չի գերազանցում»։
Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ իրենք այլ երկրում ապագա չեն տեսնում, բայց ներկայիս իշխաննություններն իրենց գործունեությամբ ամեն բան անում են՝ հատկապես հասարակ մարդկանց գրպանները մտնելու և նրանց ապրուստի հիմնական աղբյուրներից կտրելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին սուրճի ապարատների սեփականատերեր բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանց պահանջը մեկն է՝ պետք է վերանայվի իրենցից 40000 դրամ հարկ գանձելու որոշումը։