Արագածոտնում ընտանիքի 5 անդամ, որոնցից 3-ը անչափահաս, «թունավորում » ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երնջատափ գյուղից «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներն են Երնջատափ գյուղի բնակիչներ 34-ամյա Անգին Գ․-ն, 36-ամյա Արտեմ Բ․-ն, 10-ամյա Ջ․ Բ․-ն, 12-ամյա Ն․ Բ․-ն և 14-ամյա Ռ․ Բ․-ն։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում իրենց տան խոհանոցի գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։