Երևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը․ կա տուժած
Այսօր՝ հունվարի 18-ին, մոպեդի և ավտոմեքենայի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ «50-ամյակի» հուշարձանի հարևանությամբ բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները և օպերատիորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մոպեդավարի ինքնությունը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ մոպեդավարը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Թուրքմենստանի քաղաքացի է: