Փիրս Մորգանն իր հայտարարությամբ սթափեցրել է Հոլանդին․ ինչ է պատահել
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագրի երկարաձգման մասին մինչև 2034 թվականի ամառ։ Այս քայլը նրան դարձնում է համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը և ընդգծում նրա երկարաժամկետ նպատակները։
Այսպիսի երկարաժամկետ պայմանագրերը հազվադեպ են ֆուտբոլում։ Ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ սա ցույց է տալիս խաղացողի նվիրվածությունը թիմին։
Սակայն այս նորությունը չի գոհացրել բոլորին։ Հոլանդը կատակով անդրադարձել էր իր նոր պայմանագրին՝ նշելով, որ ԱՊԼ-ում պաշտպանները պետք է անհանգստանան։
Բրիտանացի հայտնի լրագրող և հաղորդավար Փիրս Մորգանը X սոցցանցում սարկաստիկ կերպով մեկնաբանել է այս իրադարձությունը՝ անդրադառնալով «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս դժվարություններին․
«Հարգելի Էրլինգ Հոլանդ, ձեր թիմն այժմ լիգայում զբաղեցնում է վեցերորդ տեղը, նոր է հաղթահարել ձեր մարզչի կարիերայի ամենաերկար պարտությունների շարքը, իսկ այս մրցաշրջանում դուք գրեթե չեք հարվածում դեպի դարպասը։ Կարծում եմ՝ պաշտպանները կարող են հանգիստ քնել…»,- Armsport-ի փոխանցմամբ՝ գրել է Մորգանը։