Բախվել են «Honda»-ն ու «Nissan»-ը. վերջինը բախվել է գազախողովակի սյանը, ապա՝ խանութի պատին. կա 4 վիրավոր
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Մուշավան 4-րդ փողոցում բախվել են Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց , բախվել «Մուշական» խանութի պատին և կոտրել այնտեղ տեղադրված վճարային տերմինալը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով կոտրվել է նաեւ ճանապարհով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը։
Դեպքի վայր են ժամանել նաեւ «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարված գազախողովակի սյունը վերականգնելու ուղղությամբ։