Հութիները հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր խմբի վրա հարձակում գործելու մասին
Եմենցի հութիները («Անսար Ալլահ» շարժում) Կարմիր ծովի հյուսիսային մասում՝ թևավոր հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով հարձակում են գործել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավիակիր խմբի վրա, որը գլխավորել է Հարի Թրումենի անունը կրող միջուկային ավիակիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարությանը։
«Հրթիռային զորքերը և անօդաչու ուժերը համատեղ ռազմական գործողություններ են իրականացրել՝ Կարմիր ծովի հյուսիսային մասում թևավոր հրթիռների և անօդաչու սարքերի օգնությամբ հարձակվելով ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակրի և մի շարք ուղեկցող նավերի վրա»,- ասել է Սարիան՝ հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում։
Յահյա Սարիան նաև նշել է, որ գործողությունն իրականացվել է այն պահին, երբ ամերիկյան ռազմածովային ուժերի նավերը փորձել են գրոհել Եմենի տարածքը։
«Սա վեցերորդ հարձակումն է ավիակիրի վրա՝ Կարմիր ծով ժամանելուց հետո»,- հավելել է Սարիան։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ գնդակոծելու է Իսրայելի տարածքը և թույլ չի տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարի: 2023 թվականի նոյեմբերից հութիները հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում։ Վերջերս հութիները պարբերաբար հայտարարում են Իսրայելի կենտրոնական շրջաններին, ներառյալ Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին: