Պարեկային ծառայությունում ընդունելությունը շարունակվում է
Պարեկային ծառայությունը համալրելու նպատակով հայտարարված ընդունելությունը շարունակվում է։
Ծառայության վերբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով հունվարի 13-14-ը Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ներկայացուցիչները Սյունիքի և Վայոց ձորի մարզերում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել ծառայության ընդունվելու կարգը, ոլորտի առանձնահատկությունները, ծառայության պայմանները, խոսել սոցիալական երաշխիքների մասին։
Ներկայացուցիչները նաև անդրադարձել են իրականացվող վերապատրաստման ու ատեստավորման գործընթացներին, մասնագիտական աճի հնարավորություններին։ Քաղաքացիները տեղում ծանոթացել են պարեկային ծառայության նյութատեխնիկական հագեցվածությանը։
Ընդգծվել է ծառայությունում կանանց ներգրավվածության կարևորությունն ու արդյունավետությունը։ Այս ամենը կարևորելով է, որ ՆԳ նախարարությունը պարեկային ծառայության թափուր տեղերի գերակշիռ մասը հատկացրել է իգական սեռի դիմորդներին։
Պարեկները խոսել են ծառայության բարդություններից և մարտահրավերներից, նաև ընդգծել իրենց պատասխանատվությունը՝ հասարակության անվտանգության ապահովման գործում։ Նրանց ուղղված հարցերը վերաբերում էին մասնագիտական պատրաստությանը, ծառայության պայմաններին ինչպես նաև առաջխաղացման հնարավորություններին։
Ծառայությանն ու ընդունելության մանրամասներին ծանոթանալուց հետո հետաքրքրված քաղաքացիները տեղում ներկայացրել են ընդունելության դիմումներ։
ՆԳ նախարարությունը շարունակում է պարեկային ծառայության համալրումը, ինչը կնպաստի ծառայության հասանելիության մեծացմանը, հանրության անվտանգության ապահովմանը և հասարակական կարգի պահպանման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև հունվարի 17-ը ներառյալ։