Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում
Սոցցանցերի տարբեր էջերում սպառողները պարբերաբար դժգոհություն են արտահայտում «Արտֆուդ» ընկերության պահածոների որակից: Օրինակ, այսօր օգտատերերից մեկը գրել է, որ «Արտֆուդ»-ի մուրաբայի (450գր) տարայի հատակից ապակու կտորներ է գտել:
Որոշ ժամանակ առաջ էլ սպառողներից մեկն ահազանգել էր, որ «Արտֆուդ»-ի սմբուկի և պղպեղի խորովածի մեջ միջատ է եղել։ Գրառման և տեսանյութի մեկնաբանություններում մարդիկ հայտնել էին, որ իրենց էլ է հանդիպել նման բան:
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ տեղյակ են այս խնդրից:
«Քանի որ այս պահին պահածոների այդ արտադրությունը ժամանակավոր դադարի մեջ է, որևէ գործողություն իրականացնել ՍԱՏՄ-ն չի կարող:
Սակայն տնտեսավարողն անպայման կզգուշացվի: Այս կազմակերպության հետ կապված բոլոր բողոքներն արձանագրվել են և, արտադրական գործընթացի մեկնարկից հետո, արտադրությունում վերահսկողական միջոցառում կկազմակերպվի»,- ասաց Անուշ Հարությունյանը: