Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին. վիրավոր կա
Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա հարություն Մ.-ն իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 123 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի և բենզալցակայանի աշխատակիցները, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Վարորդը ենթակվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ըստ վարորդի հայտարարության՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը: