Վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակով հարվածել է հարևանին․ նա մահացել է
Հունվարի 14-ին՝ ժամը 13:10-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12:30-ի սահմաններում Էջմիածնի Պուշկինի փողոցում հարևանների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակով հարվածել է հարևանին:
36-ամյա էջմիածնեցին հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ 33-ամյա տղամարդը մահացել է:
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: