ՄԼՍ-ը կարող է արգելափակել Նեյմարի տեղափոխությունն ԱՄՆ․ ինչ է հայտնի
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը, որի պայմանագրի ժամկետը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ, դիտարկում է ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։ Հավանական տարբերակներից մեկն «Ինտեր Մայամին» է, սակայն ՄԼՍ-ի սահմանափակումները կարող են խանգարել այս տեղափոխությանը։
Ըստ Foot Mercato-ի՝ Նեյմարը նախորդ տարվա ընթացքում վաստակել է շուրջ 101 մլն դոլար, և նրա բարձր աշխատավարձը դժվարացնում է վերջինիս միացումը Մեսիին և Սուարեսին։ «Ինտեր Մայամիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն հայտարարել է, որ լիգայի սահմանափակումները խանգարում են ակումբին՝ տվյալ գործարքը կատարելու համար։
«Չեմ կարող խոսել Նեյմարի մասին, քանի որ պայմանավորվածություն չունենք։ Ակնհայտ է, որ նա հիանալի ֆուտբոլիստ է, և ցանկացած մարզիչ էլ կցանկանար տեսնել նրան իր թիմում։ Բայց այս պահին մենք հասկանում ենք ՄԼՍ-ի աշխատավարձային սահմանափակումների ազդեցությունը, ինչը մեզ համար, դժբախտաբար, անհնար է դարձնում այդ գործարքը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ արգենտինացու խոսքն է մեջբերում ESPN-ը։
Այժմ «Ինտեր Մայամին» փորձում է ազդել ՄԼՍ-ի վրա՝ աշխատավարձային սահմանափակումները վերանայելու համար, սակայն իրավիճակը դեռ մնում է բարդ։ Վերջերս Նեյմարը հայտնել էր, որ ցանկանում է կրկին խաղալ Մեսսիի և Սուարեսի հետ նույն թիմում։