ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կունենան. նախագիծ
2022 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով 2023 թվականի հոկտեմբերին ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որն իր գործունեության բնույթով պայմանավորված` ևս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 10-ին պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Պետական գաղտնիքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին ու աշխատողներին, ինչպես նաև ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց տրամադրել պետական գաղտնիք պարունակող տեղեկություներին առնչվելու թույլտվություն: Հիմնական զեկուցողի խոսքով՝ թույլտվությունները տրամադրվելու են գործող ընթացակարգերով:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ծառայության կայացման գործընթացի մասին:
Հարակից զեկուցող Տրդատ Սարգսյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: