Բայդենը Կալիֆոռնիայի հրդեհներն անվանել է ամենակործանարարը նահանգի պատմության մեջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում բռնկված հրդեհները, որոնց տարածությունը հասել է գրեթե 11 հազար հեկտարի, անվանել է նահանգի պատմության մեջ ամենաընդգրկուն և ամենակործանարար հրդեհները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայդենն այդ մասին հայտարարել է հունվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսում։
«Դրանք ամենաավերիչ հրդեհներն են Կալիֆոռնիայի պատմության մեջ», - ասել է նա:
Ինչպես նշել է Բայդենը, ԱՄՆ իշխանությունները Կալիֆոռնիա են ուղարկում լրացուցիչ հրշեջ բրիգադներ և ավիացիա՝ կրակը մարելու համար։ Ներգրավված են հրշեջ բրիգադներ և հրշեջ ինքնաթիռներ նաև Կանադայից։
«Այս պահին տարհանվել է 360 հազար մարդ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։
Պատասխանելով լրագրողների հարցին հրդեհներից հետո վերականգնման պոտենցիալ արժեքի մասին՝ Բայդենը ստույգ գումար չի հայտնել, սակայն նշել է, որ դա շատ մեծ թիվ կլինի։
«Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի կարող ձեզ ասել դա։ Ցանկացած մարդ, ով ձեզ այժմ թիվ հայտնի, պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում», - նշել է նախագահը: