Ինձ թունավորել են․ Ջոկովիչը սկանդալային հայտարարություն է արել
Սերբիայի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին Մելբուռնում կարանտինային հյուրանոցում իրեն թունավորել են՝ նշելով, որ իր արյան մեջ հայտնաբերվել է կապարի և սնդիկի բարձր մակարդակ։
«Ես առողջական խնդիրներ ունեի: Հետագայում ես հասկացա, որ Մելբուռնի այդ հյուրանոցում ինձ թունավոր սնունդ էին տալիս։ Երբ վերադարձա Սերբիա, մի քանի հետազոտություններ անցա: Ես երբեք հանրության հետ այս մասին չեմ կիսվել, բայց պարզվեց, որ արյանս մեջ շատ բարձր էր ծանր մետաղների մակարդակը՝ մասնավորապես կապարի և սնդիկի», — Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Ջոկովիչը GQ ամսագրին տված հարցազրույցում:
Ջոկովիչը չի կարողացել մասնակցել Australian Open 2022 մրցաշարին։ Հասնելով Մելբուռն՝ նրան տեղավորել են կարանտինային հյուրանոցում՝ միասին այն փախստականների հետ, որոնցից շատերն արդեն 9 տարի բնակվել են այնտեղ։ Միգրացիոն ծառայությունը չի ընդունել Ջոկովիչի բացատրությունները պատվաստման բացակայության վերաբերյալ, չնայած նրա COVID-19-ով վարակված լինելու փաստին: Հետագայում Ավստրալիայի իշխանությունները արտաքսել են նրան՝ պատվաստման սերտիֆիկատի բացակայության պատճառով: