Կառավարությունը շուրջ 1,4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի 18 համայնքներում 21 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։
Այսօր կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 278 միլիոն դրամ,
Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 102 միլիոն դրամ,
Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 249 միլիոն դրամ,
Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար՝ 180 միլիոն դրամ,
Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 348 միլիոն դրամ,
Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 47 միլիոն դրամ,
Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 79 միլիոն դրամ,
Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 39 միլիոն դրամ,
Տավուշի մարզին 1 ծրագրի համար՝ 71 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ այս տարի կառավարությունը մարզպետարաններին 17 միլիարդ 52 միլիոն դրամի չափով ֆինանսավորում է հատկացրել։