Ավարտվել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամփոփել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-25 թթ. շրջափուլի հայաստանյան դասընթացը:
«Այս տարի ծրագրին մասնակցեց 28 սփյուռքահայ երիտասարդ 18 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից և Չինաստանից:
Երկշաբաթյա ծրագիրը ներառեց դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր: Մասնակիցները, դասընթացի ավարտից հետո վերադառնալով իրենց համայնքներ, մեկ տարի կիրականացնեն ծրագրով նախատեսված համայնքային աշխատանքներ:
Ծրագրի փակման արարողության ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հաջողություն մաղթեց սփյուռքի երիտասարդ դեսպաններին՝ վստահություն հայտնելով, որ նրանք կընդլայնեն իրենց համայնքային գործունեությունը և կդառնան գրասենյակի հուսալի գործընկերները: Նա նաև շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկեր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին:
Ելույթով հանդես եկավ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հիմնադրամի պատրաստակամությունը համագործակցելու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում:
Սանկտ Պետերբուրգից ծրագրին մասնակից Աղասի Հակոբյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը հնարավորություն ընձեռեց հասկանալու, թե ինչպես սփյուռքի երիտասարդները կարող են ավելի արդյունավետ աջակցել հայրենիքին: «Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ կարևոր հանդիպումներ, ստացանք այն հարցերի պատասխանները, որոնք հաճախ ծագում էին մեզ մոտ, երբ մենք մեր համայնքներում էինք: Մենք համոզվեցինք, որ մեր հայրենիքը զարգանում է»,- նշեց Աղասին:
«Հայաստանը մեզ սպասում է: Մենք դա զգացինք այստեղ գտնվելու յուրաքանչյուր օրվա ընթացքում: Մենք կրում ենք մեր հայրենիքը զարգացնելու պարտականությունը»,- իր խոսքում շեշտեց ծրագրին Լատվիայից մասնակից Ռուզաննա Գրիգորյանը:
Ֆրանսիայից ժամանած Սիլվա Սահակյանը կարևորեց հայրենիքն իրատեսորեն ճանաչելու հանգամանքը, ինչպես նաև հայաստանցի երրտասարդների հետ համագործակցելու կարևորությունը: «Մնաց վերադառնալ Փարիզ՝ սիրտս սիրով լի, ճամպրուկիս մեջ մի կտոր փոքրիկ Հայաստան՝ փոխանցելու համայնքի մյուս երիտասարդներին»,- նշեց Սիլվան:
Չինաստանից Անի Մարգարյանը և ԱՄՆ-ից Վիգեն Անտունյանը կարևորեցին ծրագրի ընթացքում ձեռք բերած ընկերական և գործընկերային ամուր կապերը, ինչպես նաև ծրագրի կրթական, ճանաչողական, մշակութային հարուստ բաղադրիչները:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ֆինանսավորմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: