Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության հարցեր
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում Ներքին գործերի նախարարության հետ կազմակերպվել է երկօրյա դասընթաց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, դասընթացը վարել է լիտվացի փորձագետ Էվալդաս Պիլիպավիչուսը, մասնակցել են ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը, վարչության անձնակազմը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներ։
ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը նշել է. «Դասընթացի առաջին փուլով ուսումնասիրելու ենք գործընթացների կառավարման ոլորտում Արևմտյան Եվրոպայի երկրների առաջատար փորձը: Այս ոլորտը կարելի է բաժանել որոշակի ենթափուլերի՝ բիզնես գործընթացների պլանավորում, ոլորտային առկա ռիսկերի գնահատում, որը հնարավորություն կտա մեր կողմից վերահսկվող ոլորտներում կիրառել և հասկանալ առկա խնդիրները և դրանց լուծումները»։
Դասընթացի երկրորդ փուլում ներառվել են հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գնահատման համակարգերին վերաբերող հարցեր։
Ըստ աղբյուրի՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են անձնագրային բաժիններում աշխատակիցների բարեվարքության, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման որակին վերաբերող հարցեր։
Լիտվացի փորձագետը բարձր է գնահատել մասնակիցների ակտիվությունը և դասընթացի թեմաներին ներգրավվածությունը։ Դասընթացի շրջանակում նա Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժիններում ծանոթացել է նաև քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
«Արդեն կես տարի է՝ ինչ համագործակցում ենք ծառայությունների մատուցման և որակի վերահսկողության վարչության հետ։ Այս ընթացքում գրանցված ձեռքբերումները շատ տպավորիչ են։ Ամենակարևորը ստացած գիտելիքները յուրացնելու և գործնականում կիրառելու կամքն է, որը ես տեսնում եմ»,- նշել է Էվալդաս Պիլիպավիչուսը:
ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության անձնակազմի կողմից ներկայացվել են գնահատման թերթեր․ հետագայում միջազգային գործընկերների հետ քննարկման և գնահատման արդյունքում ստացված տարբերակները կկիրառվեն վերահսկվող ոլորտներում ծառայությունների մատուցման որակը բարելավելու նպատակով։