Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Կուբայի կառավարությունը հավանություն չի տալիս երկրի սահմաններում գտնվող Գուանտանամոյի ծոցում գործող ԱՄՆ ռազմածովային բազայում ամերիկյան USS Helena հարձակողական սուզանավի հայտնվելուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ազատության կղզու փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն, որի խոսքերը մեջբերում է Cubadebate-ը։
«Մենք գիտեինք նրանց ներկայության մասին, քանի որ տարիներ շարունակ ձևավորված ընթացակարգի համաձայն ԱՄՆ-ը մեզ նախապես տեղեկացրել էր այդ այցի մասին։ Սակայն, մեզ ակնհայտորեն դուր չի գալիս մեր տարածքում նման միջոցների առկայությունն ու տարանցումը մեր ջրերով, քանի որ այն պատկանում է Կուբայի նկատմամբ պաշտոնապես և գործնականում թշնամական քաղաքականություն վարող պետությանը»,- հայտարարել է Կուբայի փոխարտգործնախարարը։
USS Helena-ն Գուանտանամոյի հանգրվանում է հայտնվել այն օրերին, երբ ռուսական մեկ սուզանավ և երեք ուղեկցող նավեր պաշտոնական այցով ժամանել են Կուբա։ Մինչ այդ ռուսական չորս նավերից բաղկացած մարտավարական խումբը, որի կազմում են «Կազան» միջուկային սուզանավը, «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը, «Ակադեմիկոս Պաշին» մատակարարման տանկերը և «Նիկոլայ Չիկեր» փրկարար քարշակը, մասնակցել է Ատլանտյան օվկիանոսում բարձր ճշգրտության հրթիռների փորձարկման զորավարժություններին։ Այցի շրջանակներում ռուս նավաստիները հանդիպելու են Կուբայի ռազմածովային ուժերի հրամանատարությանը և մայրաքաղաք Հավանայի նահանգապետին։ Ամերիկյան Հարավային հրամանատարությունը USS Helena-ի հայտնվելը Գուանտանամոյում հիմնավորել է առօրյա առաջադրանքներ կատարելու անհրաժեշտությամբ։
CBS News-ը, վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ ռազմանավերը հետևելու են ռուսների այցին: Նշվում է, որ Վաշինգտոնը իրավիճակը չի դիտարկում որպես սպառնալիք, սակայն ամենևին էլ ավելորդ չի համարում ռուսներին հսկելը։