BRICS-ի արտգործնախարարները կոչ են արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին
BRICS-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կոչ են անում ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Նիժնի Նովգորոդում արտգործնախարարների հանդիպման արդյունքների հիման վրա հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնում պաղեստինյան տարածքներում իրավիճակի վատթարացման կապակցությամբ, մասնավորապես Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում նկատված ռազմական աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ։ Հանդիպման մասնակիցները կոչ են անում անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և անօրինական գերության մեջ գտնվող քաղաքացիներին»,- ասվում է Հնդկաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված փաստաթղթում:
ԱԳ նախարարները հավելել են, որ կողմերից պահանջում են անհապաղ հրադադարի ռեժիմ մտցնել պաղեստինյան անկլավում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2728 բանաձևի համաձայն: