Թուրքական թերթերը ԱՄՆ դեսպանին` վեր կաց, գնա այս երկրից
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտնվել է թուրքական «Սթար», «Յենի Շափաք» և «Աքշամ» օրաթերթերի կոշտ քննադատությունների թիրախում: «Վեր կաց, գնա այս երկրից»,-պահանջում են թուրքական թերթերը ԱՄՆ դեսպանից: Խոսվում է այն մասին, որ Ռիկարդոնեն հնարավոր է շուտով անցանկալի անձ հայտարարվի Թուրքիայի համար:
Պատճառն այն է, որ դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն խոշոր ոստիկանական օպերացիայից հետո, Ռիկարդոնեն ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Մենք ցանկացել էինք, որ «Halkbank»-ը խզի կապերն Իրանի հետ: Չլսեցին: Հիմա դուք տեսնում եք կայսրության փլուզումը»: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ նշյալ բանկն առանցքային նշանակություն ունի Իրանի և Իրաքի հետ Թուրքիայի հարաբերություններում: Իսկ հատուկ օպերացիայի արդյունքում Թուրքիայի ոստիկանությունը 4.5 մլն դոլար էր հայտնաբերել Halkbank-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանի տանը:
Նշվում է նաև այն մասին, որ Թուրքիա է մեկնել ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Դեյվիդ Քոհենը, հանդիպումներ ունեցել Թուրքիայի բանկերի ղեկավարների հետ և Իրանի թեմայով նախազգուշացումներ արել: