ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է վերցրել Եգիպտոսի և Գազայի սահմանի Ֆիլադելֆիայի միջանցքը
Իսրայելի պաշտպանության բանակը «օպերատիվ հսկողության տակ է վերցրել» «Ֆիլադելֆիայի միջանցքը»՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանին 14 կիլոմետր երկարությամբ բուֆերային գոտին: Այդ մասին հայտնել է ՑԱՀԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Միջանցքը ստեղծվել է 1979 թվականին՝ Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Իսրայելական բանակն այն օգտագործել է պարեկություն իրականացնելու համար նախքան Գազայի հատվածը լքելը՝ հիշեցնում է AFP-ն։ «Իսրայելը վաղուց էր կասկածում, որ պաղեստինյան տարածքներում զինված խմբավորումներն այդ միջանցքն օգտագործում են Եգիպտոսից զենք տեղափոխելու համար»,- գրում է պարբերականը։
Խոսնակ Դանիել Հագարիի խոսքով՝ իսրայելցի զինվորականները Ֆիլադելֆիայի միջանցքի երկայնքով մոտ 20 թունել են հայտնաբերել։ Եգիպտոսի բարձրաստիճան ներկայացուցիչը հերքել է այդ տվյալները։ «Իսրայելը դիմում է այդ մեղադրանքներին՝ արդարացնելու պաղեստինյան Ռաֆահ քաղաքի դեմ գործողության շարունակությունը և երկարաձգելու պատերազմը քաղաքական նպատակներով»,- մեջբերել է AFP-ն եգիպտոսցի պաշտոնյայի հայտարարությունը: