Հորդառատ անձրևների հետևանքով Մեծ Մանթաշում վնասվել է 350 մետր գազատար
Հորդառատ անձրևների հետևանքով Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի շուրջ 350 մետր ճանապարհամերձ գազատար խողովակը վնասվել է, որի հետևանքով դադարեցվել է համայնքի 10 բնակելի տան և հարակից հատվածում գտնվող մանկապարտեզի գազամատակարարումը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Մեծ Մանթաշի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանի, Շիրակ ԳԳՄ տնօրեն Թորգոմ Սուքիասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ եղել է Մեծ Մանթաշում, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց և պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին, որից հետո եղել է նաև բնակավայրի մանկապարտեզում։ Տնօրենի հետ զրույցում քննարկվել է բնակավայրում նոր մանկապարտեզ կառուցելու հարցը, քանի որ հաջորդ տարի սաների թիվը, ըստ նախնական տվյալների, կավելանա 27-ով։
«Մեզ համար կարևոր է առաջացած խնդրի օր առաջ լուծումն ու գազամատակարարման վերականգնումը, եղանակային պայմաններն, իհարկե, անբարենպաստ են, սակայն մեր ջանքերը պետք է միտված լինեն մեր բնակիչների հոգսերի թեթևացմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում կանգնած է բոլոր պատասխանատու կառույցների կողքին»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետի հետ հանդիպման ժամանակ գազամատակարար և ճանապարհաշինական կազմակերպության պատասխանատուները խոստացել են համատեղ ջանքերով ամենասեղմ ժամկետներում վերացնել փլուզման հետևանքները և վերականգնել գազամատակարարումը։