Առողջապահության նախարարությունն աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար
![](/timthumb.php?src=disc/26-05-24/cb8716b476e70d87d10c7eb80edb25d2.jpg&w=450)
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Նրա խոսքով՝ վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն եղանակային պայմաններն առայժմ հնարավորություն չեն ընձեռում, և դիտարկվում է նաև այլ ճանապարհներով հղիների տարհանումը կազմակերպելու հնարավորությունը: Այդ գործընթացը կազմակերպելու համար նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում ինչպես մարզպետարանների, այնպես էլ՝ սանավիացիայի ներկայացուցիչների հետ:
ԱՆ խոսնակը հայտնել է նաև, որ գերատեսչության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հեղեղված վայրերում իրականացնում են խմելու ջրի որակի մոնիթորինգ այն հատվածներում, որտեղ վթարներ են գրանցվել:
Ծատրյանը վստահեցրել է, որ նորությունների առկայության դեպքում Առողջապահության նախարարությունը հավելյալ տեղեկություններ կտրամադրի:
Նա հավելել է նաև, որ այս պահին ազդոսկրի կոտրվածք ունեցող մեկ անձ էլ տեղափոխվում է Երևանի բուժհաստատություն: