Մաղթում եմ ձեզ խաղաղության մեջ շնչող ու ապրող հայրենիք. Գեղարքունիքի մարզպետը՝ շրջանավարտներին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել «Վերջին զանգ»-ի օրվա առթիվ։
«Սիրելի շրջանավարտներ, դուք այսօր հրաժեշտ եք տալիս ձեզ համար հարազատ տուն ու ընտանիք դարձած այն կրթօջախներին ու դասարաններին, որտեղ առաջին անգամ ոտք եք դրել տարիներ առաջ ու հիմա բաժանվում եք` արդեն կրթված ու դաստիարակված, գիտելիքներով զինված, ձեր կյանքի հետագա ուղիներն ընտրած, միշտ վառ ու տպավորիչ հիշողություններով։
Դուք այդ տարիների ընթացքում անցել եք այն նույն ճանապարհով, որով անցել են բոլոր կիրթ ու գրագետ մարդիկ, մեր գրի ու մշակույթի, գիտության բոլոր երախտավորները, և ես հավատացած եմ, որ ձեր մեջ են լինելու ապագայի մեր մանկավարժներն ու բժիշկները, տնտեսագետներն ու արվեստագետները, զինվորականներն ու գիտնականները, պետական ու հանրային ծառայողները։
Հավատացած եմ նաև, որ ձեզանից յուրաքանչյուրն իր դաստիարակությամբ ու մասնագիտական գիտելիքներով, ջանասիրությամբ ու նվիրումով իր նպաստը կբերի մեր հայրենիքի շենացմանը, զարգացմանն ու հզորացմանը, կյանքի նոր որակի հաստատմանը։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղության մեջ շնչող ու ապրող հայրենիք, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ կյանքում ու հետագա ուսումնառության մեջ։
Առիթից օգտվելով` շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և ուսուցիչներին հայտնում իմ շնորհակալությունը՝ իրենց ցուցաբերած հոգատարության ու ներդրած ջանքերի համար։
Լավագույն ցանկություններով` ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան»,- ասվում է ուղերձում։