ՄԱԿ-ի ԱԽ-ը չի ընդունել տիեզերքում զենք չտեղակայելու մասին ռուսական բանաձևի նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 20-ին մերժել է Ռուսաստանի պատրաստած բանաձևի նախագիծը, որը կոչ է անում բոլոր երկրներին՝ դադարեցնել ցանկացած զենքի տեղակայումն ու օգտագործումը Տիեզերքում։ Փաստաթուղթը չի ստացել անհրաժեշտ ինը ձայնը, Անվտանգության խորհրդի 15 անդամից բանաձևին կողմ է քվեարկել 7-ը, այդ թվում՝ Չինաստանը, Ալժիրը և Գայանան։ Յոթ պետություն, ներառյալ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, դեմ են արտահայտվել: Շվեյցարիան ձեռնպահ է քվեարկել։
Ըստ բրիտանական պատվիրակության՝ այդ բանաձևով Ռուսաստանը փորձում է ուշադրությունը շեղել այն լուրերից, որ Մոսկվան միջուկային սարքով նոր արբանյակ է մշակում:
Ապրիլի 24-ին էլ Ռուսաստանն էր արգելափակել ԱՄՆ-ի և Ճապոնիայի պատրաստած բանաձևի նախագիծը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին։ Անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը կողմ էր քվեարկել դրա ընդունմանը, Չինաստանը ձեռնպահ էր մնացել։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան բացատրել էր, որ փաստաթղթին դեմ է քվեարկել, քանի որ, ըստ նրա, արգելքը պետք է վերաբերի ոչ միայն միջուկային, այլ նաև սովորական զենքերին։