ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է ներնետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։
Արդյունքում՝ հիմնարկի երկու դիտաշտարակների միջնամասից ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված փաթեթը, որին ամրացված է եղել որպես կախիչ ծառայող մետաղական օղակ։
Փաթեթում առկա են եղել 36,5 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված և 17,9 գրամ քաշով, շագանակագույն, բուսական զանգված։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։