Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
Սև ծովում խորտակվել է Տանզանիայի դրոշով Մոհամմադ-Զ անունը կրող նավը՝ Ռումինիայի Սֆինտու-Գեորգե քաղաքից 26 ծովային մղոն հեռավորության վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռումինիայի ծովային վարչությունը։
«Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում, և կենտրոնի աշխատակիցներն անմիջապես տարածք են ուղարկել «Արտեմիս» և «Ապոլոն» նավերը», - նշել է վարչությունը:
Դեպքի վայր են մեկնել նաև սահմանապահ ոստիկանության երկու նավ և մոտակայքում գտնվող երկու առևտրային նավ։
Մոհամմադ-Զ-ի անձնակազմը բաղկացած է եղել 11 հոգուց՝ ինը սիրիացի և երկու եգիպտացի։ Նրանցից ութին փրկել է «Միշել» առևտրային նավը, որն ամենամոտ էր եղել աղետի վայրին։
Հաղորդվում է, որ նավի անձնակազմի մյուս երեք անդամների՝ Սիրիայի քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Աղետի պատճառները դեռ հայտնի չեն։ Հետաքննություն կիրականացվի՝ պարզելու աղետի պատճառներն ու հանգամանքները»,- հայտնել է Ռումինիայի ծովային վարչությունը։