Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակիչում են
«Միկա» մարզադահլիճում ավարտվել են բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականը, որը կիսաեզրափակիչում ուներ 10 բռնցքամարտիկ, պատմական արդյունքի է հասել և եզրափակիչում ունենալու է ինը բռնցքամարտիկ։
Ցերեկային մրցահերթում չորս հաղթանակից հետո երեկոյան ռինգում փայլեցին Վաղարշակ Քեյանը, Տիգրան Հովսեփյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Սամվել Սիրամարգյանն ու Ալբերտ Հարությունյանը։ Մեր բոլոր բռնցքամարտիկները արժանի հաղթանակ տարան, իսկ նրանցից երեքը՝ Վաղարշակ Քեյանը, Տիգրան Հովսեփյանը և Անդրանիկ Մարտիրոսյանը, հաղթեցին բացահայտ առավելությամբ, ժամանակից շուտ։
Աղջիկների մրցումներում դեկտեմբերի 3-ին եզրափակիչ մենամարտ է անցկացնելու Հեղինե Գալստյանը, իսկ տղաների եզրափակիչում մեր հավաքականը ներկայացնելու են ութ բռնցքամարտիկներ։
Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում մասնակցող 16 բռնցքամարտիկներից ինը եզրափակիչում են, իսկ Տիգրան Խաչատրյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։