Դեկտեմբերի 9-ին Դուբայում կայանալիք կարտինգի 24-ժամյա մրցույթում Հայաստանն առաջի անգամ կներկայանա ազգային թիմով
Դեկտեմբերի 9-ին Դուբայում կայանալիք կարտինգի 24-ժամյա մրցույթում Հայաստանն առաջի անգամ կներկայանա ազգային թիմով։ «Գորոյան ռեյսինգ թիմ»-ն ընդամենը վերջերս է ձևավորվել և պատրաստվում է իր առաջին թիմային մեկնարկին։
Թիմի անդամները հույս ունեն, որ Դուբայում հաջողություն կգրանցեն և այդպիսով մեծապես կնպաստեն Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը։
«Գորոյան ռեյսինգ թիմ»-ի կարճ և հարուստ պատմությունը Թիմի ակունքներում հայազգի արշավորդ Արթուր Գորոյանն է։ Նա թեև ապրում է արտերկրում, սակայն արշավորդի արտոնագիրը ստացել է Հայաստանից և հենց պատմական հայրենիքի դրոշի ներքո է հանդես է գալիս։ Այս տարի Հայաստան կատարած այցի ժամանակ Արթուրը հանդես էր եկել ասուլիսով և հայտնել, որ իր նպատակներից մեկը Հայաստանում ավտոսպորտի զարգացումն է։
«Յուրաքանչյուր մարզիկի նպատակը սպորտը հանրության ավելի լայն շրջաններում տարածելն է, որպեսզի երիտասարդները ոչ թե թմրանյութ, ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործեն, այլ վարեն առողջ ապրելակերպ, զբաղվեն ցանկացած տեսակի մարզաձևով: Ես՝ որպես հայ, ձգտում եմ Հայաստան բերել այն դրականը, լավը, որ կա սպորտում և ուզում եմ Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել»,- փետրվարին կայացած ասուլիսում հայտարարել էր Արթուրը։
Նման մտադրության հրապարակումից մինչև գործնական քայլեր շատ չանցան։ Արդեն մայիսին Արթուր Գորոյանը նախաձեռնում է ընտրական մրցաշար, որին մասնակցության հայտ է ներկայացնում 100-ից ավելի անձ։
Շուրջ երկու ամիս տևած ու մի քանի փուլ ունեցած ծանր մրցարշավի արդյունքում Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Խաչատրյանը, Սարիբեկ Սարիբեկյանը, Կարեն Սարգսյանը, Ռոդիոն Կռիլովը և Հովհաննես Մկրտումյանը ընդգրկվեցին Արթուրի նախաձեռնած «Գորոյան ռեյսինգ թիմ»-ում։