Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը. պատգամավոր
Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որ նույնպես մասնակցում է Երեւանի փողոցներում ընթացող բողոքի ակցիաներին:
Նա նաեւ նշել է. «Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները` անպատվությունն ու փողը, բայց նաև պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է:
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգեցին ու դա այն դեպքում, որ դրան զուգահետ պարեկային ծառայության մայորը համաձայնվել էր ուղեկցել խաղաղ ակցիան:
Ինչ արած, պետք է արձանագրել ու շարունակել պայքարը»։
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Փակվել են, մասնավորապես, Սարյան, Թումանյան, Մոսկովյան, Աբովյան, Ռուբինյանց փողոցները, Կոմիտաս–Գյուլբենկյան խաչմերուկը։ Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։
Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։